Կիրակի Մինսկում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մեր ընտրանին, հանրապետության վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի առաջնորդությամբ, մրցավայր էր մեկնել` առավելագույն տասի փոխարեն կազմում ունենալով վեց ներկայացուցիչ: Սա հասկանալի է, լավ օրի վկայություն չէ, սակայն, մյուս կողմից էլ, բավականին բարդ խնդիր է բոլոր քաշային կարգերում ունենալ ներկայացուցչական մարզիկներ, ովքեր կարող են հավասարի իրավունքով ձեռնոց նետել աշխարհի ուժեղագույններին: Ասել է թե` մաքսիմալիզմը լավ բան է, սակայն այն դեպքում, եթե դրա համար ունես անհրաժեշտ ռեսուրս:
Ինչևէ: Գնացել էինք Հովհաննես Դանիելյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բաչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Արման Հովիկյան (75 կգ) կազմով, ու սա հենց այն զտվածքն էր, ում վրա ծանրացել էր հավաքականի ղեկավարությունը` հիմք ունենալով տարվա ընթացքում միջազգային մրցումներին մասնակցածների ցույց տված արդյունքները, տվյալ պահին մարզիկների ունեցած ֆունկցիոնալ, ֆիզիկական, տեխնիկատակտիկական պատրաստվածության մակարդակը:
Այս վեցով կարողացանք նվաճել մեկ մեդալ` Արամ Ավագյանին բաժին հասած բրոնզը: Հիմա սա ընդամենը մե՞կ մեդալ է, թե՞ ամբողջ մեկ մեդալ, առանձին զրույցի թեմա է, ու դրա մեջ պակաս կարևոր չեն բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում` մարզական բախտի գործոնը: Չլիներ բուլղարացի մրցավարի համակրանքն Արամի մրցակցի կողմը, մեր մարզիկն ավելի ազնիվ մեդալի համար պայքարի մեջ կմտներ։ Հենց առաջին փուլում փորձառու Հովհաննես Դանիելյանին բաժին չհասներ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Դավիթ Հայրապետյանը, ով, ի դեպ, հռչակվեց աշխարհամասի չեմպիոն, մեկի կողքին ակնհայտորեն մի այլ մեդալ էլ կունենայինք: Սրանք ասում եմ ի մասնավորի` վկայելու համար, որ մեր տղաներն իրականում այնքան էլ թույլ չէին, ինչպես կարող է հաստատել չոր վիճակագրությունը, սակայն, հակառակի պես, վերջին խոսքի իրավունքը հենց այդ վիճակագրությանն է պատկանում, որովհետև այն ոչ այլ ինչ է, եթե ոչ նորին մեծություն Փաստը, որը ներում-բեկում չի ճանաչում:
Առաջնությանը մեր հավաքականի մասնակցությունը համապատասխան ատյանների կողմից, ինչ խոսք, քննության կառնվի, կտրվեն գնահատականներ, կբերվեն պատճառաբանություններ, մի խոսքով, կարվի այն, ինչ արվում է նման դեպքերում, սակայն այդ ամենի մեջ կարևորը, հարկավ, այն կլինի, թե ուղենշային ինչ որոշումներ կընդունվեն, ինչ քայլեր կձեռնարկվեն դրությունը շտկելու համար: Շտկել ասելով, բնականաբար, նկատի ունեմ հայկական բռնցքամարտի ունեցած երբեմնի հեղինակությունը հետ բերելը, որի փայլուն էջերը անցյալին պահ տալը ո՛չ առավելություն է, ո՛չ էլ քաջագործություն: Հայկական բռնցքամարտը պարտավոր է համաշխարհային հանրությանը ներկայանալ իր նոր Վլադիմիր Ենգիբարյանով, Դավիթ Թորոսյանով, Կամո Սարոյանով, Սամսոն Ղազարյանով, Իսրայել Հակոբկոխյանով, մյուս երևելիներով, ու մենք, որպես երկիր, հանրույթ, ազգ դրա իրավունքն ունենք ճիշտ և ճիշտ այնքան, որքան մեզ այդ իրավունքից զրկելու իրավունքը չունեն մեր բռնցքամարտիկները, նրանց պատրաստելուն կոչված մասնագետները:
Մինսկի առաջնությունը ցույց տվեց, որ երևելիներ «արտադրող» հայ կնոջ արգանդը բնավ էլ չի չորացել: Եվրոպայի այս առաջնությունում, ի պատիվ մեր հայրենակիցների, երկու անգամ հնչել է Ռուսաստանի Դաշնության հիմնը (Դավիթ Հայրապետյան, Արմեն Զաքարյան), երեք անգամ բարձրացել է նույն Ռուսաստանի (Դավիթ Հայրապետյան` 49 կգ, Արմեն Զաքարյան` 64 կգ, Հովիկ Հովհաննիսյան` 52 կգ), երկու անգամ` Գերմանիայի (Արայիկ Մարության` 75 կգ, Արտյոմ Հարությունյան` 64 կգ), մեկական անգամ` Բելառուսի (Վազգեն Սաֆարյանց` 60 կգ), Հայաստանի (Արամ Ավագյան` 56 կգ) դրոշները: Ընդ որում, Վազգեն Սաֆարյանցն ու Արայիկ Մարությանը, եթե փոքր-ինչ ավելի հաջողակ լինեին, դրոշի բարձրանալը կզուգորդվեր հիմնի հնչելով: Ասել է թե` հայ տարրը Մինսկի եվրոպականում շահել է երկու ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե, ընդհանուր թվով` յոթ մեդալ:
Հիմա սա ինչպիսի՞ ցուցանիշ համարել:
Ես դրա իմ գնահատականն ունեմ ու գիտեմ, որ հինգբալանոց համակարգում եթե դա հինգ ու խաչը չէ, ապա գոնե հինգն է, պարզապես ուզում եմ, որ այդ գնահատականն ինքներդ ձեզ համար էլ որոշակիացնեք:
Սակայն սրա կողքին ես մի մեծ ցավ էլ ունեմ ու չեմ կարող այն իմ մեջ պարտակած պահել:
Լա՜վ, ասենք, ինչ-ինչ հանգամանքների բերումով Դավիթ Հայրապետյանը ծնվել է Բաքվում (Ադրբեջան) ու ապրում է Ռուսաստանում, Վազգեն Սաֆարյանցը ծնվել է Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիա) ու ապրում է Բելառուսում, բա, պաշտոնական այր հորջորջված հեր օրհնածներ, կարող ե՞ք ասել, թե որտեղ են ծնվել Ռուսաստանը ներկայացրած գյումրեցի Արմեն Զաքարյանն ու սպիտակցի Հովիկ Հովհաննիսյանը, Գերմանիայում բնակվող, սակայն Արցախում ծնված Արայիկ Մարությանն ու այդ նույն Գերմանիան ներկայացրած, սակայն նույնքան հայաստանյան ծնունդ Արտյոմ Հարությունյանը, ու ինչու են նրանք այնտեղ հայտնվել: Ակնարկածս ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է, թե՞ վերը նշված բնակավայրերով ընդգծված Հայաստանի քարտեզն այս նյութի հետ դնեմ ձեր սեղանին` երկիրը շոշափելիորեն տեսնելու և զգալու համար, եթե, իհարկե, արտագաղթ կոչված այս բաց դռների շարունակվող «քաղաքականության» արդյունքում վերջնական նպատակ չունեք կյանքի կոչելու թուրքի դարավոր երազանքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ